Արմեն   Արաբյան

ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր։

ՀՊԿԵ-ի տնօրեն Արմեն Արաբյանը դասական երաժշտության ուղղվածություն ունեցող կազմակերպությունների թրծված ու հմուտ կառավարիչ է:

1975թ. ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը` Արաբյանն աշխատանքի է անցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում` որպես ջութակահար: Նույն ժամանակահատվածում նա ջութակի դասեր է տվել Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում: 1978թ. որպես ջութակահար միանալով ՀԽՍՀ Ռադիոհեռուստապետվարչության սիմֆոնիկ-էստրադային նվագախմբին` 1988-ին ստանձնել է այդ կազմակերպության տնօրենի պաշտոնը: 1991-93թթ. ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության տնօրենն է եղել: 1993թ. նշանակվել է ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության պետի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Երկու տարի անց դարձել է ՀՀ տեղեկատվության նախարարության միջազգային կապերի վարչության պետ: 1996-97թթ. ծառայել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալի պաշտոնում: 1997-ին Արաբյանը ստանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնը, իսկ 2009-ից ի վեր իր ստեղծագործական ողջ ներուժն ուղղել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կայացման գործին:
2007-ից Ա. Արաբյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր է իսկ 2011-ին արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման: